Ձայնիդ երանգները

Այս գիշեր աստղիկներից զանգակի ձայն է գալիս. զընգ հա զընգ: Զընգի համաչափության մեջ լսում եմ ձայնդ, որ կարոտի հոտ ունի: Ձայնդ կապույտ է, ինչպես երազներիս երկինքը: Երջանկություն կա կապույտի մեջ, սեր, խնդություն ու խենթություն…
Ժամանակի թռիչքը աղոտում է կապույտի հետքերը: Ու ես կրկին լսում եմ  ձայնդ:  Ձայնդ ոսկի է, ինչպես իմ երազների արևը: Հասունություն կա ոսկու մեջ, հույս, հավատ ու կրկին սեր…
Ժամանակը վարգելով աղոտում է ոսկին էլ:  Ու ես նորից եմ լսում ձայնդ: Ձայնդ մանուշակագույն է, ինչպես իմ կորցրած երազների մայրամուտը: Թախիծ կա մանուշակագույնի մեջ, կորցրած սեր, ցավ, ափսոսանք, անմար հուշեր ու երազներ թոշնած…
Լուռ են աստղերը, զանգակի զընգը չկա, ու զընգի մեջ ձայնիդ երանգները չկան…
Ժամանակի փեշից կախծած մի չուչել կա միայն…

Բոլորը դու ես

Այն ամենը, ինչ կա իմ ներսում, դու ես ստեղծել:
Դու ես հեղինակը` իմ:
Դու ես այն չարագործը, ով հանդգնեց մտնել հոգուս մեջ ու ծակել սիրտս:
Դու ես այն միակ մահկանացուն, ում  ես անմահ եմ պատկերացնում:
Դու ես այն ստոր տականքը, ով փշրեց սիրտս, տակնուվրա արեց հոգիս:
Դու ես այն արարիչը, ով վերագտավ ինձ` երկնային թվացող շատ կարճ տարածության մեջ: 
Դու ես այն անանցանելի ճանապարհը, որը փորձում եմ անցնել անկորուստ ժամանակիս մեջ:
Դու ես այն դժոխքը, որը ոտք դրեցի` հավատալով օձային գեղգեղանքիդ:
Դու այն միակն ես, ում միշտ փորձում եմ ջնջել ուղեղիս ու հոգուս   աշխարհագրությունից, բայց չես ջնջվում:
Դու  ես այն, որ  տիղմի պես կպնում է մաշկիս:
Դու իմ չստացված երջանկությունն ես, որ ցավ է  պատճառում միշտ:
Դու  անբացակա ներկայությունն ես քո, որ լցնում է դատարկությունս այս աններկա ներկայում…
Հիշողություններիս ու հուշերիս լճակն ես, որ լողում է բաց երկնքի տակ:
Դու իմ առագաստն ես, որ նավարկում է  հոգուս բաց վերքի վրա…

Իմ անգին

Կյանքն անիմանալի հյուսվածքների շղթա է, որտեղ ժամանակը կատարում է իր անողոք ու վերուստ սահմանված առաքելությունը: Անհնազանդ մասնիկն եմ կյանքի, որ չի կարողանում հարմարվել ժամանակի հետ, մարդկանց հետ, աշխարհի հետ: Ժամանակն ինձ այսօր ստիպում է աշխարհի ամենաքաղցր բառն արտասանել բերանումս ոչ նրա համար, ում պետք է, այլ նրա համար, ում երբեք չեմ էլ կարողանա ընդունել որպես այդպիսին: Մորս քնքշության, ջերմության, հարազատության ու կարեկցանքի չնչին մասնիկն անգամ չկա այդ մայր բառի մեջ, որ ասում եմ ուրիշին: Երբ բերանիցս դուրս է գալիս այն,զգում եմ, թե որքան կեղծ ու ցամաք կա մեջը, որքան սուտ ու մտացածին է հնչում այն: Կներես ինձ, մայրիկ…Բայց երբ քեզ եմ ասում մայրիկ, հասկանում եմ, որ դեռ չեմ կործանված, որ լողում եմ մանկության մակույկով հիշողությունների ծովի վրա, որ տաք ու ջերմ եմ, ինչպես դու, որ սիրտս իրական արագությամբ է բաբախում…Կներես ինձ, մայրիկ, որ այս քաղցր ու անփոխարինելի բառ-կոչումն անիմաստ ու ցամաք եմ դարձնում ամեն անգամ, երբ քո փոխարեն ուրիշին եմ կոչում` ՄԱՅՐԻԿ…

image

Հավատում եմ

Վաղուց չեմ գրել:Պատճառը բառերիս քարանալն է: Ծաղկիդ հուշն է ինձ այսօր ստիպել նորից գրել: Այն միշտ ինձ հետ է,ինչպես որ խոսք էի տվել քեզ. չորացած,փոքրիկ-փոքրիկ, տաքուկ ու լուսավոր: Աչքերս միշտ փնտրում են քեզ,միշտ,միշտ,միշտ:Ամեն գիշեր աղոթում եմ քեզ համար. հիմար սովորություն: Այո,Դու իմ հիմար սովորությունն ես, որից չեմ կարողանում հրաժարվել: Այսօր մեր ծաղիկը մեկ տարեկան է.երանի մի տարի առաջը նորից ապրեի,երանի…Ոչինչ նույնը չէ,  ամեն ինչ առաջվա նման է: Երբեք չես հասկանա,թե ինչ եմ ես ապրել: Դու վնասակար սովորություն ես,թունավոր կենդանի: Բայց ծաղիկներդ երկնային են,հրեշտակային,լուսավոր,անբիծ: Խճճվում եմ ծաղիկներիդ ու քո մեջ.սարդոստայնդ լավ ես հյուսել: Ես մեկ- մեկ շատ երջանիկ եմ, երբեմն երջանիկ,երբեմն տխուր, հաճախ շատ տխուր,բայց ես չափից դուրս դժբախտ կլինեի,եթե դու հեռացած չլինեիր: Ծաղկիդ սրտի հետ էի շփոթել դաժան սիրտդ.փառք Աստծո` հասկացա: Ես քեզ չեմ սիրում, ծաղիկդ եմ սիրում,ծաղիկներիդ եմ սիրում: Ես քեզ չեմ էլ ատում, դու ոչ սիրո կարիք ունես,ոչ էլ ատելության,դու  կունենաս քեզ արժանին. հավատում եմ արդարության թեկուզ շատ փոքր ավազահատիկի գոյությանն այս լուսնի տակ…հավատում եմ…

image

Նորից գիշեր

Չեմ կարողանում քնել, սիրտս անհանգիստ է՝ չգիտեմ ինչու: Ու չկա մեկը, ում հետ խոսեմ,կիսվեմ: Իսկ թե ինչու եմ գրում քեզ, ես էլ չգիտեմ: Գրում եմ քեզ, բայց դու չկաս, ես եմ հորինել քեզ: Տխուր է  ամեն ինչ: Ես էլ եմ տխուր: Մի բան խեղդում է կոկորդս, շունչս կտրվում է: Գիշերն էնքան երկար է թվում, որ վախենում եմ աչքերս փակեմ, վախենում եմ, որ էլ չեմ բացի: Գիտեմ, որ գրածներս կարդալուց մտքումդ կասես.«գժվել ա էս աղջիկը», կամ պարզապես կծիծաղես ինձ վրա, կամ չգիտեմ էլ ինչ կանես, բայց մեկ է՝ գրում եմ: Ինչու՞: Ես էլ չգիտեմ: Մեկ-մեկ ատում եմ ինձ էսքան սենտիմենտալ լինելուս համար, բայց ես անուղղելի եմ: Աստղերն էնքան սիրուն են: Ես էլ կուզեի աստղ լինել: Ցուրտ է, բայց մեկ է, աստղերը շատ սիրուն են, չեմ ուզում ներս գնալ: Ներսում շունչս կտրվում է, իսկ աստղերի հետ ես ազատ եմ: Կատարսիս եմ ուզում: Տեսնես երկնքում կհասնե՞մ դրան: Երկինք եմ ուզում, ամպեր եմ ուզում, աստղերի հետ երգել եմ ուզում: Սիրտս ցավում է, գիտե՞ս: Մի բան խեղդում է կոկորդս: Ինչու՞ է աստված ինձ էսքան լացկան ստեղծել, գիտե՞ս: Կարոտ: Էէէէէէէէ: Հիմարություն: Ի՞նչ կարոտ: Հիմարություն, մեծագույն հիմարություն:  Ատում եմ սենտիմենտալիզմը: Ե՞րբ եմ խելքի գալու: Մեծանալու: Մարդանալու: Ընկել եմ հետևիցս: Տեսնես ե՞րբ կհասնեմ ինձ: Հենց հասնեմ,կբռնեմ ու առասպելազերծ կանեմ, կսպանեմ հեքիաթն իմ մեջ, կթաղեմ այն դագաղի մեջ, դագաղը կթաղեմ հողի տակ, հողը կթաղեմ տիեզերքի մեջ ու կդառնամ սովորական մի բան՝ ան նախածանցով սկսվող բոլոր բառերի նման: Մի բան՝ բառի կամ բառերի նման: Կամ ու չկամ: Իսկ դու միշտ կաս: Պատկերացնում եմ դեմքիդ արտահայտությունը ցնդաբանություններս կարդալու ժամանակ: Ժամանակ: Իսկ գուցե այդ թանկություն-ժամանակը չծախսե՞ս իմ ցնդած տողերը կարդալու համար: Գուցե անարդար է էդպես: Գուցե և ոչ: Ժամանակ: Գիտես, էս կյանքում միակ անդառնալի կորուստը ժամանակի կորուստն է: ՄԻայն ժամանակի, հասկանու՞մ ես: Որովհետև մյուս կորուստները չէին լինի, եթե չկորցնեինք մեր ժամանակը: Հասկանու՞մ ես: Գուցե և ոչ: Այո՞, թե՞ ոչ: Գիտե՞ս, ես շատ բաներ եմ կորցրել: Դրանք մնացել են այն ժամանակի մեջ, որն անդարձ գնացել է: Իսկ գուցե և ո՞չ: Ժամանակի կորուստ: Կորստի ցավ: Թաց աչքեր: Գիշեր: Մեռելային լռության մեջ նվվում է հոգիս կատվի պես: Նվվում է հոգիս կատվի պես: Գիշե՜ր: Փակի՛ր աչքերս, որ քնեմ: Գիշեր է: Աստղազարդ երկինք: Հուշե՜ր: Հուշե՜ր: Հուշե՜ր: Փակի՛ր աչքերս, գիշե՛ր: Գրկի՛ր կարոտս, գիշե՛ր: Օրորի՛ր քունս, գիշե՛ր: Տար ինձ, տա՜ր, գիշեր: Բարի՜ գիշեր…

Image

Հանդիպում (24.09.2013)

 

Գրկեցի ծաղիկները, որ ձեռքերիդ մեջ էիր պահել: Գրկեցի ամուր-ամուր: Քայլեցի արագ-արագ՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում ինձ հետ: Ամբողջ ճանապարհին շնչում էի ծաղիկների հոտը՝ փնտրելով քո բույրը, որը չեմ մոռանա երբեք: Ուղղակի չեմ կարող ու չեմ կարողանա մոռանալ,երբեք: Սկսեցի վազել՝ ծաղիկներն ավելի ամուր սեղմելով կրծքիս, որ զգամ ջերմությունդ, որ չմրսեմ առանց քեզ: Հասկանու՞մ ես, ես կորցրել եմ այն, ինչը երբեք չեմ ունեցել, դրա համար չէի հավատում, որ դու եղել ես կողքիս, ջերմացրել ես, քայլել ինձ հետ, նայել ես աչքերիս մեջ, և ես եմ նայել քո աչքերի մեջ:  Այնքան կուզեի ծաղիկների փոխարեն քեզ սեղմել կրծքիս, նրանց համբուրելու փոխարեն գեթ մի վայրկյան քեզ համբուրել: Շատ կուզեի, որ ժամանակը կանգ առներ: Կանգ առներ ինձ ու քեզ համար, որովհետև կյանքումս ունեցած ամենաթանկ բանն էր այդ ժամանակը, որ անցավ: Անցա՜վ…Կգրկեմ ծաղիկներդ՝ մինչև չորանան: Կխոսեմ նրանց հետ, կպատմեմ իմ սիրո մասին, չեմ լինի մենակ: Իսկ երբ թառամեն ու չորանան, կպահեմ նրանց իմ ամենասիրած գրքի թերթերում, կթերթեմ գիրքը, կհամբուրեմ  ծաղիկների չորացած թերթիկները, ու նորից կթերթեմ գիրքը՝ թերթելով այն երջանիկ օրվա ամեն մի րոպեն, ամեն մի վայրկյանը, որ  նվիրեցիր ինձ: Իսկ թե հանկարծ արցունքներիս շատությունից թերթիկները թացեն մի քիչ, չմտածես, թե դժբախտ եմ: Ես այս կյանքում երջանիկ եմ  հենց այդ օրով, ու հավատա, որ արցունքներն այդ  արցունքներ են երջանկության, որ ծնվում են իմ մեծ սիրուց ու կարոտից անմոռաց…Ես իմ կյանքում երջանիկ եմ հենց այդ օրով, այդ օրվա հետ ապրող հուշով..

 

CAXIK

ինչ-որ բան դեռ հունցվում է

Վաղուց չեմ գրել,բայց մտքումս շա՜տ բան կա խմորված: Սառել է գրելու ցանկությունս,բայց ինչ-որ բան անընդհատ հունցվում է իմ մեջ: Հունցվում է տաք: Հունցվում է անդադար ու անընդհատ: Մտքերս հունցվում-խմորվում են ինձ ու քեզ ստեղծելու ճանապարհին:Իսկ ճանապարհն այնքան սպիտակ է: Ճանապարհն անդառնալի սպիտակ է: Սպիտակության լույսից աչքերս ցավում են: Սպիտակության լույսից մտքերս ցնորվում են: Սպիտակության լույսից ես վերանում եմ: Իսկ ճանապարհն այնքա՜ն սպիտակ է: Վերևում, շա՜տ վերևում սպիտակն այնքան անեղծ է, որ վախենում եմ մեղավոր ճանաչվել: Իսկ ես ամաչում եմ սպիտակության վրա բծավոր երևալու մտքից: Վախենում եմ սպիտակության մեջ սևավոր լինելու մտքից: Շա՜տ եմ վախենում…Այնուամենայնիվ, հունցվում է ինչ-որ բան իմ մեջ…